Մշակույթ
«Թմբաթա» ֆոլկ-ռոք խումբը հանդես եկավ «Ֆրեսկո» փառատոնի շրջանակում

2024 թվականի օգոստոսի 21-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը 7 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երեւանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում:
Փառատոնային առաջին օրերն անց են կացվում Վանաձորում, ներառելով ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, վարպետության դասեր, ներառական ճամբար։ Օգոստոսի 23-ին համերգային ծրագրով հանդես եկավ «Թմբաթա» ֆոլկ-ռոք խումբը։ Ժամեր շարունակ Վանաձորում տիրում էր բարձր մշակութային տրամադրություն, իսկ ահա համերգային բարձր տրամադրությունը հաջորդ օրը վստահված էր «Հորովել» երգի եւ պարի անսամբլին։
Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգեւորականների, արվեստագետների, կինոգործիչների եւ այլ մտավորականների: Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել «Հաշմանդամների Համառուսաստանյան եւ միացյալ կազմակերպությունների միություն ABIART» հասարակական ասոցիացիայի նախագահ Նատալյա Կրելին, ում հետ հետաքրքրված մասնագետները հնարավարություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, դիտել ֆիլմեր եւ ունենալ քննարկումներ, հանդիպումները տեղի կունենան թե Վանաձորում, թե Երեւանում։ Նատալյա Կրելը փառատոնի միակ հյուրը չէ, միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն նաեւ Իտալիայի Տեռնիի կինոփառատոնի գլխավոր տնօրեն Առնալդո Կազալին եւ գլխավոր պատասխանատու Բեատա Գոլենսկան։
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:
Հավելենք, որ փառատոնն իրակաանցնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Փառատոնային երեւանյան օրերը կմեկնարկեն օգոստոսի 26-ին ՝ Մոսկվայի տանը։