Տեխնոլոգիա
Շահույթն ընդդեմ անվտանգության․ ԱՄՆ ութ նահանգ դատի են տվել OpenAI-ին ChatGPT-ի պատճառով

ԱՄՆ Այովա, Կանզաս, Նեբրասկա, Արևմտյան Վիրջինիա, Արկանզաս, Արիզոնա, Այդահո և Մոնտանա նահանգների իշխանությունները համատեղ դատական հայց են հարուցել OpenAI ընկերության դեմ։ Տեխնոլոգիական ընկերությանը մեղադրում են երեխաների հոգեկան ու ֆիզիկական անվտանգությանը վնաս հասցնելու, ինչպես նաև ChatGPT-ի հուսալիության ու ապահովության վերաբերյալ սպառողներին կեղծ պատկերացումներ ներշնչելու մեջ։
Հայցադիմումի համաձայն՝ արհեստական բանականության մշակողը, շրջանցելով օրենսդրական պահանջները, ֆինանսական գերշահույթ ստանալու մղումը դասել է հանրային անվտանգությունից վեր։ Նշվում է, որ համակարգի ալգորիթմները բավարար չափով զտված չեն անչափահասներին սպառնացող վտանգներից, իսկ ընկերության հավաստիացումները ստեղծված պաշտպանական մեխանիզմների մասին չեն համապատասխանում իրականությանը։
Այս նախաձեռնությունը կարող է դառնալ գեներատիվ արհեստական բանականության կարգավորման և տեխնոլոգիական հսկաների նկատմամբ վերահսկողության խստացման կարևոր իրավական նախադեպ։