Սպորտ
«Մեծ հպարտություն առաջացավ, երբ թուրքիայում իմ պատվին հնչեց մեր երկրի հիմնը».

Վերջերս Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Բազկամարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում EST US West-ում հաղթել է Հայաստանի միակ ներկայացուցիչ, Բազկամարտի Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից, ծնունդով Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղից ԱԶԱՏ ՍՐԱՊՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել Ազատի հետ։
- Ողջույն, Ազատ։ Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Այս հեղինակավոր մրցաշարին իրավունք ունեին մասնակցելու միայն Աշխարհի և Եվրոպայի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկները, հիմնականում աջ ձեռքով մասնակիցները, մեր երկրի միակ ներկայացուցիչը ես էի։ Դժվար էր միայն այդ առումով, քանի որ Թուրքիայում ես էի միակ հայ ներկայացուցիչը։ Մրցաշարի ընթացքում ես ընդգրկվել եմ լավագույն եռյակում, հանդես գալով մի քաշային կարգ բարձր և հնարավորություն ստացել հետագայում նույնպես հանդես գալու։ Ես 70 կգ քաշային կարգում եմ հանդես եկել, իսկ մրցակիցներս 75 կգ, նրանք վրացի ու լատվիացի էին, վերջինս աշխարհի փոխչեմպիոնն է։ Իմ այս հաղթանակով ես վարկանիշ եմ ձեռք բերել, որպեսզի օգոստոսին կարողանամ մասնակցել Մոլդովայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Շատ մեծ հպարտության, ուրախության զգացողություններ առաջացան, երբ Թուրքիայում իմ պատվին հնչեց մեր երկրի հիմնը, ծածանվեց եռագույն դրոշը։ Մի փոքր լարվածություն կար, քանի որ միակ հայն էի այնտեղ, սակայն լավ էր տրամադրությունս։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին։
- Այս մարզաձևը, գաղտնիք չէ, որ պետական ֆինանսավորում չունի։ Ինչպես կարողացար մասնակցել։
- Մարտունու համայնքապետարանն է ինձ ֆինանսապես աջակցել, որ մասնակցել եմ։
- Իսկ բազկամարտը Հայաստանում զարգացած մարզաձև է, եթե նման արդյունքներ ունեցող մարզիկներ ունենք։
- Իհարկե, տարեցտարի նկատվում է այս մարզաձևով հետաքրքրվողների թվի զգալի աճ, ինչը բնականաբար շատ ուրախալի է։ Շանս կա, որ շատ մոտ ապագայում 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում բազկամարտը ևս կընդգրկվի։ Մարզաձևը արդեն ներառված է Աշխարհի մարտական խաղերի մեջ, որը ևս չորս տարին մեկ է անցկացվում Օլիմպիական խաղերի նման։
- Ազատ, տեղյակ եմ, որ մասնակցել ես նաև 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին։ Եղել եմ ԼՂՀ Մարտունիում։ Հետախույզ եմ եղել, կամավոր էի մեկնել ռազմաճակատ, շրջափակումից փրկել եմ 40 զինծառայողի։
- Շնորհակալություն, Ազատ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ մշտապես մեզ ուշադրության կենտրոնում պահելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։