Աշխարհ
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են թոքերի քաղցկեղի դեմ ՌՆԹ պատվաստանյութի փորձարկումները

67-ամյա Յանուշ Ռաչը դարձավ թոքերի քաղցկեղով առաջին հիվանդը Մեծ Բրիտանիայում, որը համաձայնեց իր վրա փորձարկել նոր, բավական խոստումնալից թերապիան: Այդ թերապիան կարող է սկզբունքերեն փոխել հիվանդության բուժման նկատմամբ մոտեցումը: Իսկ ավելի ստույգ՝ անհատական պատվաստանյութը, որը կոնկրետ հիվանդի իմունային համակարգին սովորեցնում է պայքարել հիվանդության դեմ՝ ոչնչացնելով քաղցկեղի բջիջները, հայտնում է BBC-ն։
Պատվաստանյութի հիմքում նույն մատրիցային ՌՆԹ տեխնոլոգիան է, որն առաջին անգամ հաջողությամբ փորձարկվել է ԱՄՆ-ում՝ Covid-19 համավարակի ընթացքում։
Ցանկացած դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլում միշտ ստուգվում է հիվանդների համար դեղամիջոցի անվտանգությունը: Եվ Յանուշը հոժարակամորեն համաձայնել է նոր պատվաստանյութը փորձարկել իր վրա։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հավաքագրել Յանուշ Ռաչի պես 130 կամավորների, իսկ դիտարկումները զուգահեռաբար կիրականացվեն ավելի քան յոթ երկրներում սփռված 30 հետազոտական կենտրոններում։ Դրանց թվում է Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL):
Բուժումը պետք է ուղղված լինի ոչ թե սովորական, առողջ բջիջների, այլ հենց քաղցկեղի բջիջների ոչնչացմանը, ինչն, ըստ գիտնականների, կհանգեցնի կողմնակի անցանկալի ազդեցությունների նվազմանը:
Պատվաստանյութը թոքերի քաղցկեղի բջիջների մակերեսին հայտնաբերված մի քանի գենետիկ մարկերների մասին տեղեկություն է պարունակում, դրանք հիվանդի իմունային համակարգին սովորեցնում են՝ հատկապես ինչ փնտրել և ինչի դեմ պայքարել:
Փորձագետների խորին համոզմամբ՝ գերմանական BioNTech բիոտեխնոլոգիական ընկերության ստեղծած BNT116 պատվաստանյութը կարող է սկզբունքերեն փոխել քաղցկեղի այս տեսակի բուժման մոտեցումը:
«мРНК-պատվաստանյութի օգնությամբ հուսով ենք սկսել թոքերի քաղցկեղի բուժման նոր դարաշրջան»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է UCL-ի ուռուցքաբան, կլինիկական փորձարկման բրիտանական մասի համակարգող Սեու Մին Լին:
«Հուսով ենք՝ ներկայիս ստանդարտ բուժման՝ իմունոթերապիայի և քիմիաթերապիային զուգահեռ, կկարողաննք լրացուցիչ իմունային խթան ապահովել», - հավելել է գիտնականը:
Լոնդոնցի Յանուշ Ռաչն ասում է, որ ամենևին դեմ չէ նոր թերապիայի փորձարկմանը. «Հուսով եմ՝ այն կպաշտպանի քաղցկեղի բջիջներից: Բայց ես նաև մտածեցի, որ իմ մասնակցությունն այս հետազոտությանը ապագայում կարող է օգնել այլ մարդկանց և, ի վերջո, այս թերապիան առավել մատչելի կդառնա»:
«Ես ինքս զբաղվում եմ գիտությամբ և գիտեմ, որ այն կարող է զարգանալ միայն այն բանի շնորհիվ, որ նման ծրագրերի մասնակցելու համաձայնած ինձ պես մարդիկ կան»,- ասել է նա։
Ռաչի թոքերի քաղցկեղ պատահաբար է ախտորոշվել, երբ նա սկսել է շնչառական խնդիրներ ունենալ, որոնք սկզբում դա վերագրել է ասթմայի:
Բժշկական հետազոտությունը (դրա հետ առնչություն չունեցող առիթով) հայտնաբերել է աջ թոքի ուռուցք: Դրանից հետո նա որոշել է կամավոր դառնալ։
Թոքերի քաղցկեղը քաղցկեղի ամենամահաբեր ձևն է ամբողջ աշխարհում։ Վերջին գնահատականներով՝ 2020 թվականին այն խլել է 1,8 միլիոն մարդու կյանք։ Դրա ամենատարածված ձևը ոչ փոքր բջջային քաղցկեղն է:
Վաղ փուլերում հիվանդը հաճախ սկսված ուռուցքաբանական գործընթացի նշաններ կամ ախտանիշներ չի ունենում:
Սակայն բժիշկները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել հետևյալ դրսևորումներին.
շաբաթներով չանցնող հազ;
տևական հազ, որը ժամանակի ընթացքում սրվում է;
կրծքավանդակի խրոնիկական վարակները (այսինքն՝ բորբոքային պրոցեսները);
հազ՝ արյան ուղեկցությամբ:
Եթե այս ախտանիշներից որևէ մեկը առաջանա, անհապաղ դիմեք բժշկի: