Աշխարհ
HBO-ն սկսում է Հարրի Փոթերի մասին նոր սերիալի նկարահանումները. առաջին հայացք

Հարրի Փոթերի կախարդական աշխարհը պաշտոնապես վերադարձել է, բայց այս անգամ որպես հեռուստասերիալ։ HBO-ն հաստատել է, որ պաշտամունքային սագայի նոր հեռուստատեսային ադապտացիայի արտադրությունն արդեն սկսվել է Մեծ Բրիտանիայի Warner Bros. Studios-ում, հաղորդում է Hypebeast-ը։
Այս լուրի հետ մեկտեղ, երկրպագուներին ցուցադրվեց Դոմինիկ Մաքլաֆլինի առաջին կադրը որպես երիտասարդ Հարրի Փոթեր։ Լուսանկարում դերասանը կեցվածք է ընդունել Գրիֆինդորի դպրոցական համազգեստի թարմացված տարբերակով. ֆիրմային կլոր ակնոցները և կայծակի սպին տեղում են, բայց ուշադիր երկրպագուները արդեն նկատել են նոր մանրամասներ՝ օրինակ՝ սվիտերի փոփոխված եզրագիծը և փողկապի դիզայնի տարբերակները։ Սա արվում է նոր նախագիծը լեգենդար ֆիլմերի շարքից տեսողականորեն տարբերելու համար։

Հերմիոնա Գրեյնջերի դերը կխաղա Արաբելլա Ստենտոնը, իսկ Ռոն Ուիզլիի դերը՝ Ալաստեր Սթաութը։ Հենց այս «ոսկե եռյակն» է դառնալու նոր բազմասեզոնային շոուի սիրտը, որի պրեմիերան սպասվում է 2027 թվականին։
HBO-ն նաև հրապարակել է այլ դերասանների անունները. Ռորի Ուիլմոտը կմարմնավորի Նևիլ Լոնգբոթոմին, Ամոս Քիթսոնը՝ Դադլի Դուրսլիին, Լուիզ Բրիլին՝ մադամ Հուչին (Ռոլանդա Հուչ), իսկ Անտոն Լեսերը կխաղա Գարիկ Օլիվանդերի դերում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Պապա Էսիեդուն կմարմնավորի Սևերուս Սնեյփին, Ջոն Լիթգոուն կվերածվի Ալբուս Դամբլդորի, իսկ Քեթրին Պարկինսոնը՝ Մոլի Ուիզլիին։
Նոր «Հարրի Փոթերի» սցենարը գրել և պրոդյուսերավորել է Ֆրանչեսկա Գարդիները: Որոշ սերիաներ կնկարահանի ռեժիսոր Մարկ Մայլոդը:
Գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը նաև գործադիր պրոդյուսեր է։
Առաջին եթերաշրջանի նկարահանումները նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի գարունը, որից հետո թիմը գրեթե առանց դադարի կսկսի աշխատանքը երկրորդ եթերաշրջանի վրա։