Աշխարհ
Գիտնականները հայտնաբերել են ուղեղը մաքրելու միջոց

Ուղեղը կարող է մաքրել վնասակար մնացորդները՝ պայքարելու համար տարիքային նյարդաբանական խանգարումների դեմ, ինչպիսին են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, եւ ուղեղի այդ ունակությունը կարելի է վերականգնել։ Ռոչեսթերի համալսարանի գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։
Հետազոտողները հայտնաբերել են, որ պարանոցի ավշային անոթների ֆունկցիայի վերականգնումը կարող է արագացնել ուղեղից մնացորդների դուրսբերումը, որը տարիքի հետ դանդաղում է։ Այդ մեխանիզմը հիմնված է գլիմֆատիկ ՝ ուղեղը մաքրող համակարգի վրա, որն օգտագործում է ողնուղեղի հեղուկը թունավոր սպիտակուցներից լվանալու համար, որոնք կուտակվում են ուղեղում նորմալ ակտիվության ժամանակ։
Գիտնականները կիրառել են վիզուալացման եւ մասնիկներն ուսումնասիրելու առաջավոր մեթոդները, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն, թե ինչպես է աղտոտված ողնուղեղային հեղուկը հոսում պարանոցի ավշային անոթներով։ Նրանք նաեւ հետեւել են ավշային անոթների պուլսացիային, որը նպաստում է ուղեղից հեղուկի դուրսբերմանը։
Արդյունքները ցույց են տվել, որ ծեր մկների մոտ աղտոտված ողնուղեղային հեղուկի դուրսբերումը 63 տոկոսոց ավելի ցածր է եղել, քան երիտասարդ կենդանիների մոտ, ինչը կապված է ավշային անոթների աշխատանքի վատացման եւ դրանց աշխատանքի հաճախականության նվազման հետ։
Հետազոտությունում ուսումնասիրվել է նաեւ պրոստագլանդին F2α դեղամիջոցի կիրառման էֆեկտը, որը հայտնի է հարթ մկանների կծկումները խթանելու ունակությամբ։ Բուժումը վերականգնել է պարանոցի ավշային անոթների ֆունկցիան մինչեւ այն մակարդակ, որը բնորոշ է երիտասարդ մկներին, ինչն ավելացրել է ուղեղը մաքրող հեղուկների հոսքը։
Այս արդյունքները ցույց են տալիս մոտեցման օգտագործման պոտենցիալը տարիքային նյարդաբանական հիվանդությունների բուժման ապագա մեթոդներում։ Ավշային անոթների համակարգի ֆունկցիայի բարելավումը կարող է առանցքային քայլ դառնալ Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների կանխման համար։