Ժամանց
Friend ընկերության պատմությունը. «Սիրում եմ փորձությունները, դրանք ինձ համար խաղ են»

– Պատմեք՝ ինչպես սկսվեց Friend ընկերության պատմությունը։
Friend ընկերությունը ստեղծվեց 2017 թվականին, և այդ օրվանից մինչև այսօր այն կայուն կերպով գործում է։ Իր քայլերով՝ թե՛ լավ, թե՛ վատ, դարձել է ճանաչված ՏՏ ընկերություն Հայաստանում։ Մենք լուծել ենք միլիոնավոր խնդիրներ՝ ազդելով նաև պետական ու մարզային համակարգերի վրա։ Կատարել ենք մի շարք նորամուծություններ, ավտոմատացումներ, որոնք հեշտացրել են մարդկանց աշխատանքը։
– Որպես հիմնադիր՝ ի՞նչ է Ձեզ համար նշանակում այս ընկերությունը։
Շատերի համար սա պարզապես բիզնես է թվում, բայց ինձ համար դա իմ ընկերն է։ Ես դա սիրով եմ անում։ Սա իմ աշխատանքն է, իմ կյանքի մի մասն է։ Ես սիրում եմ արկածներ, բարդ իրավիճակներ, որտեղ ուրիշը կարող է փախչել՝ ես մնում եմ։ Դրանք ինձ համար խաղեր են։
– Ընկերության սկզբնական փուլում ի՞նչ մարտահրավերների եք հանդիպել։
Սկզբում շատ գործեր ինքս էի անում։ Տեսնում էի խնդիր ու լուծումը մշակում էի։ Այսօր մենք սպասարկում ենք ավելի քան 1000 և ավելի կառույց՝ միայն մարզերում։ Շատ ՍՊԸ-ներ են բացվում, բայց չունեն արմատներ։ Ես գյուղից հասա քաղաք՝ քայլ առ քայլ, առանց կանգ առնելու։ Բայց հեշտ չէր։ Շատերը թերհավատ էին, նույնիսկ պնդում էին, որ պետք է հեռանամ որոշ տարածքներից։
– Այսինքն՝ եղել է մրցակցային ճնշում Ձեր դեմ։
Այո, եղել են մրցակիցներ, որոնք օգտագործել են կոպիտ մեթոդներ՝ փորձելով ինձ դուրս մղել։ Մի անգամ մի պաշտոնյա անձ ասաց, որ պետք է «թուլացնեմ» իմ գործունեությունը, որ իր մտերիմը կարողանա աշխատել։ Բայց մարդիկ ընտրում են ինձ իմ ազնվության, մասնագիտական կարողությունների ու բազմաֆունկցիոնալության համար։ Ես չեմ սիրում թիկունքից բիզնես վարել։
– Այս ամենը դժվար չէր Ձեզ համար հոգեբանորեն։
Երբ սկսվեցին մեծ արշավներ ընկերության դեմ, սկզբում չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Բայց հետո զգուշացրի՝ ես պատրաստ եմ աշխատել արդար, բայց կոպիտ մրցակցության դեպքում դուք կարող եք ամեն ինչ կորցնել։ Եվ արդյունքում, այդ ագահությունը բերեց նրան, որ իրենց ՍՊԸ-ն փակվեց։
– Իսկ COVID-19-ի և պատերազմի տարիներին ի՞նչ իրավիճակ էր։
Ես մեծ վնասներ կրեցի։ Շատ մարդիկ, ում համար նախկինում ես եղել էի հենարան, հեռացան այդ դժվար օրերին։ Հիմա ես ավելի սառն եմ դատում։ Բայց չնայած դրան՝ չեմ չարացել։
– Արդյո՞ք այսօր էլ կա ճնշում կամ հակաքարոզչություն։
Այո, մինչև այսօր կա արշավ թե՛ իմ, թե՛ ընկերության՝ Friend-ի դեմ։ Բայց մենք դեռ այստեղ ենք։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Այսօր մեր ծառայությունները հասանելի են Չինաստանից մինչև Ավստրալիա։
– Դուք նշել եք, որ մարդիկ Ձեզ ընտրում են նաև Ձեր պարզության ու դիրքորոշման համար։ Ինչպիսի՞ն է Ձեր ներկայիս ընկալումը։
Շատ շուտով հանդես կգամ նոր ձևով։ Եթե շատերը ինձ տեսնում էին որպես ուսուցիչ, ապա հիմա ինձ կտեսնեն լրիվ այլ կարգավիճակում։ Այո, մի ժամանակ ես ֆեյսբուքում շատ ակտիվ էի՝ քննադատական մոտեցումներով։ Երբեք չեմ սիրել կեղծավորությունը։ Ես միշտ ճշմարտության կողմն եմ եղել։ Դա քաղաքականություն չէր, դա բողոք էր, վրդովմունք։ Այժմ ես հայտարարություններ չեմ անում, որովհետև այսօր ոչ բոլորի ընկալումն է ճիշտ. երբ անկեղծ ես ու բարձրաձայնում ես, մարդկանց մի մասը պարզապես սկսում է պիտակավորել։
Ես երբեք չեմ վախեցել, չեմ շողոքորթել։ Եթե հիշում եք, նույնիսկ գյուղում լուսավորության խնդիրը ես բարձրաձայնեցի՝ բղավելով, լացելով, պահանջելով, որովհետև խնդիր ունեինք, և այն պետք էր լուծել։ Ես ճնշումներից չեմ վախեցել ու չեմ էլ վախենում։ Արդեն լավ կոփված եմ։
– Ձեր ազատությունն ու ինքնուրույնությունը մեծ տեղ են գրավում Ձեր խոսքում։
Այո, ես կարողանում եմ պաշտպանել իմ իրավունքները։ Երբեք չեմ շողոքորթել ոմանց նման։ Ես ազատ եմ։ Ոչ մեկից կախված չեմ եղել ու չեմ էլ լինի։ Այդ ազատությունն է հենց իմ հաղթաթուղթը։ Դա է պատճառը, որ այսպես ասած՝ ինձ չեն կարողանում «կպնել»։ Եվ չեմ կարծում՝ ծրագրավորողի դեմ կարելի է նման քայլեր կատարել՝ իր իսկ տիրույթում։ Դա ուղղակի ինքնասպանություն է։ Ես անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում՝ հարգելով օրենքը և մնացածի շահերը։ Ես ազատ եմ։ Ես անկախ եմ։
– Իսկ անձնականից մի փոքր ավել մանրամասներ կբացե՞ք։
Ճիշտ եք նկատել։ Ես գրեթե չեմ խոսում իմ անձնականից, բայց հիմա որոշել եմ կառուցել այն։ Ավելի շատ ժամանակ հատկացնել ինձ, իմ կյանքին։ Չեմ փոշմանում, որ տարիներ շարունակ եղել եմ հենասյուն շատերի համար։ Դա էր իմ առաքելությունը։
– Դուք նաև խոսեցիք ինտուիցիայի մասին։ Ինչպե՞ս է այն օգնել Ձեզ կյանքում։
Ինտուիցիա ունեմ շատ ուժեղ։ Երբեմն կարողանում եմ օր առաջ զգալ՝ ինչ պատասխանի եմ արժանանալու՝ կարելի է թե չի կարելի։ Ավելին, եղել են վտանգավոր իրավիճակներ, որտեղ ինտուիցիան փրկել է։ Ես նաև ունեմ լավ զարգացած դեմքի միմիկայի ընթերցման ունակություն՝ կարող եմ միանգամից հասկանալ՝ մարդը ստում է, թե խոսում է սրտանց։
– Դա յուրահատուկ ընդունակություն է։
Օրը հազարավոր մարդկանց հետ եմ շփվում։ Ուղեղիս մեջ մեծ «բազա» կա, որով կարողանում եմ արագ կողմնորոշվել՝ ում վստահել, ում՝ ոչ։ Ինձ խաբելը շատ բարդ է։ Երբ ներքին զգացողությունս զգուշացնում է, որ այս մարդը «լավը չէ», ես պարզապես պահպանում եմ հեռավորություն։ Էմոցիոնալ չեմ, ինչպես շատերը կարծում են, ուղղակի զգայուն եմ մարդկային վերլուծության նկատմամբ։ Իսկ սիրել՝ այո, սիրում եմ, նույնիսկ շատ։
Շնորհակալություն անկեղծ և խորաթափանց հարցազրույցի համար, պարոն Լևոնյան։
Ձեր մտածողությունը, դիրքորոշումը և փորձը իսկապես ներշնչող են։
Ցանկանում ենք ձեզ նոր վերելքներ և խաղաղ ճանապարհ այս բոլոր փուլերում։
Լրագրող՝ Աննա Կարապետյան