Առողջություն
Արյան մեջ շաքարը տղամարդկանց սեռական ֆունկցիայի վրա ավելի շատ է ազդում, քան տեստոստերոնը

Արյան մեջ շաքարի մակարդակի նույնիսկ աննշան բարձրացումը կարող է բացասաբար անդրադառնալ սերմնահեղուկի շարժունակության և էրեկտիլ ֆունկցիայի վրա։ Այս եզրակացությանն են հանգել Մյունստերի համալսարանական կլինիկայի գիտնականները։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Սան Ֆրանցիսկոյում անցկացված Էնդոկրինոլոգիայի ընկերության ENDO 2025 ամենամյա համաժողովում։
Հետազոտությանը մասնակցել են 18-ից 85 տարեկան 117 տղամարդիկ, ովքեր չունեին շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ կամ քաղցկեղ: Մասնակիցների առողջության մոնիթորինգը սկսվել է 2014 թվականին և ավարտվել 2020 թվականին:
Գիտնականները հետևել են սպերմայի կազմի, հորմոնների մակարդակի, գլիկացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակի, մարմնի զանգվածի ինդեքսի և նյութափոխանակության առողջության այլ ցուցանիշների փոփոխություններին: HbA1c-ն կենսաքիմիական ցուցանիշ է, որը արտացոլում է արյան մեջ գլյուկոզի միջին մակարդակը որոշակի ժամանակահատվածում (սովորաբար երկու-երեք ամիս):
Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ HbA1c-ի մակարդակը 6.5%-ից ցածր շեմային արժեքից (որն օգտագործվում է շաքարախտի ախտորոշման համար) ցածր է եղել, տղամարդկանց մոտ նկատվել է սպերմատոզոիդների շարժունակության նվազում և էրեկտիլ դիսֆունկցիա։ Միևնույն ժամանակ, տեստոստերոնի մակարդակը ընդհանուր առմամբ մնացել է կայուն և նկատելի ազդեցություն չի ունեցել սեռական ֆունկցիայի վրա։
«Տարիքը և տեստոստերոնի մակարդակը վաղուց համարվում են տղամարդկանց սեռական առողջության անկման հիմնական գործոնները։ Սակայն մեր տվյալները ցույց են տալիս, որ նյութափոխանակության թեթև խանգարումները, մասնավորապես արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, կարող են որոշիչ դեր խաղալ», - ասել է Մյունստերի համալսարանական հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Միխայել Զիտմանը։
Նրա խոսքով՝ տղամարդիկ կարող են արդյունավետորեն պահպանել իրենց վերարտադրողական առողջությունը՝ կենսակերպի փոփոխությունների և ժամանակին բժշկական աջակցության միջոցով։