Առողջություն
ԱՄՆ-ում «Լեքսելվի»-ն հաստատվել է որպես տեղային մազաթափության դեմ դեղամիջոց

Միացյալ Նահանգներում «Լեքսելվի»-ն (Leqselvi) հաստատվել է որպես մեծահասակների շրջանում ծանր ճաղատությունը բուժող դեղամիջոց, հայտնել է HealthDay-ը։
«Լեքսելվի»-ն (Deuruxolitinib) օրական երկու անգամ բերանացի ընդունվող դեղամիջոց է, որը ճնշում է օջախային ալոպեցիայի կամ տեղային մազաթափության (ճաղատության) գեղձի բորբոքումը: Այն JAK1 և JAK2 յանուս կինազի (աճի գործոնների, հորմոնների ազդեցությամբ ակտիվացող ներբջջային ոչ ընկալիչային ցիտոկինների*) սելեկտիվ ինհիբիտորների* դասի մի մասն է։ Այս խմբի այլ դեղամիջոցներ օգտագործվում են հոդաբորբի և աղիների բորբոքային հիվանդությունների բուժման համար:
*Ցիտոկիններն օրգանիզմի տարբեր բջիջների կողմից սինթեզվող, բազմազան հատկություններով և գործառույթներով օժտված, միջբջջային փոխազդեցության սպիտակուցային բնույթի միջնորդներ են, որոնք պայամնավորում են ինչպես բնածին ու ձեռքբերովի իմունիտետի ռեակցիաները, այնպես էլ օրգանիզմի մի շարք կենսականորեն անհրաժեշտ այլ գործառույթներ։
*Ինհիբիտորները որևէ քիմիական կամ կենսաբանական գործընթաց արգելակող կամ դադարեցնող բնական կամ սինթետիկ նյութեր են։
Ալոպեցիայի օջախում խիստ բորբոքումը մազաթափության է հանգեցնում: Կլինիկական փորձարկումների ժամանակ գիտնականները ցույց են տվել, որ Լեքսելվին մեծահասակների շրջանում ճաղատության դեմ պայքարում բավականին արդյունավետ դեղամիջոց է:
Հետազոտությանը մասնակցել է ալոպեցիայից տառապող 1220 հիվանդ, որոնցից յուրաքանչյուրը կորցրել է գլխի մազերի առնվազն կեսը։ 24 շաբաթվա ընթացքում հիվանդների ավելի քան 30%-ը մազերի առնվազն 80%-ը կարողացել է վերականգնել:
Ամենատարածված անցանկալի երևույթներ են եղել գլխացավը, բշտիկացանն ու նազոֆարինգիտը (կամ ռինոֆարինգիտ՝ քթի խոռոչի լորձաթաղանթի կատարային բորբոքում):
Գիտնականներն ընդգծել են, որ սուր ալոպեցիայի բուժման համար վաղ միջամտությունը չափազանց կարևոր է: