
44-օրյա պատերազմի հերոսը` հողմային էներգիայի գյուտի հեղինակ
- Հասարակություն
- 18․11․2022
Մտավոր սեփականության գրասենյակը վերջերս արտոնագիր է շնորհել «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար: Գյուտի հեղինակներից էր ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմում նահատակված Նորայր Արտեմյանը:
Գյուտը վերաբերում է հողմային էներգիային եւ կարող է օգտագործվել այլընտրանքային էներգետիկայի բնագավառում: Խոսքը հողմաշարժիչի նոր տեսակի մասին է: Ի տարբերության արդեն ծանոթ հողմային շարժիչների, գյուտի այս տեսակի հողմաէներգետիկ տեղակայանքն ունի պտտվող, ուղղաձիգ լիսեռին միակցված թիակներ: Գյուտի առանձնահատկությունն այն է, որ հողմաշարժիչների թիակները կարող են պտտվել անգամ ամենաթույլ քամու դեպքում եւ, բնականաբար, էներգիա ստանալու տեսանկայունից ավելի արդյունավետ են:
Գյուտի գաղափարը ծնվել է տարիներ առաջ: Երեւանի պետական համալսարանի ուսանող Նորայրը գյուտի գործնական աշխատանքներում ներգրավված է եղել մոտ վեց ամիս: Նա չորս հեղինակից /Նորայր եւ Ռոբերտ Արտեմյաններ, Արա եւ Հրանտ Ամիրյաններ/ ամենաերիտասարդն էր, բայց հենց Նորայն էր առաջարկել գլխավոր դրույթները, որոնք էլ հիմք են ընդունել գյուտի ստեղծման համար:
Նորայրի հայրը` Ռոբերտ Արտեմյանը պատմում է, որ տղան դեռ զինվորական ծառայության մեկնելուց առաջ էր ուզում դիմել գյուտի գրանցման համար: Բայց հայրն ասել էր, որ վերադառնալուց հետո կզբաղվեն դրանով: Ինչ իմանար, թե հետո պիտի առանց որդու, առանց համահեղինակի իրականացներ նրա ցանկությունը:
19-ամյա Նորայրը հերոսաբար ընկավ 44 օրյա պատերազմի 33-րդ օրը: Մարտունու շրջանի Շեխեր գյուղում մարտի ամենաթեժ պահին, երբ երկնքից ասես կրակ էր թափվում, փորձել էր հասնել վիրավոր զինակցին ու մոտեցնել շտապօգնության մեքենային, չէր հասցրել, զոհվել էր` վիրավորի հետ միասին:
Նորայրը մաթեմատիկական հատուկ ունակություններից բացի, հաջողություններ ուներ նաեւ սպորտում` լող, ձյուդո, ֆուտբոլ: Նրա սթափ դատելու ու խելամիտ հաշվարկներ կատարելու բացառիկ ունակությունները դրսեւվորվել են նաեւ մարտի դաշտում: Նորայրին պատերազմի ընթացքում առաջարկել են ծառայությունը շարունակել որպես դասակի հրամանատար եւ ղեկավարել մարտական գործողությունները:
19 ամյա երիտասարդի հրամանով արձակված ավելի քան 200 արկը մեծ կորուստներ են հասցրել թշնամու տեխնիկային եւ կենդանի ուժին: Անհավանական էր, բայց մարտի ընթացքում կարողացել էր 3 անգամ ինքնուրույն նորոգել իր զինտեխնիկան: Նորայր Արտեմյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով