Ովքեր են վերցնելու «Հայաստան» դաշինքի թափուր մնացած մանդատները. ուշագրավ մանրամասներ

Ովքեր են վերցնելու «Հայաստան» դաշինքի թափուր մնացած մանդատները. ուշագրավ մանրամասներ

«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հեռանում է խորհրդարանից: Այս մասին կուսակցության խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել: Փաստացի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանից հետո՝ եւս երեք պատգամավոր՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր են դնում մանդատները:

Թե ովքեր են խորհրդարանում փոխարինելու նրանց, «Իրավունքը» մանրամասներ է պարզել: Այսպիսով՝ դաշինքի հաջորդ համարը անկուսակցական ՌԻՄԱ ՂԱԶԱՐՅԱՆՆ է, ով աշխատում է բժիշկ Վանաձորում եւ, ըստ մեզ հասած լուրերի, չի պատրաստվում գալ խորհրդարան:

Ռիմա Ղազարյանից հետո՝ հերթը ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆՆ է: Նա «Իրավունքի» հետ զրույցում մանդատ վերցնել-չվերցնելու վերաբերյալ կարճ պատասխանեց. «Երբ իրավական կարգավորումները կլինեն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն, իմ հերթը կգա, ես հանդես կգամ պաշտոնական հայտարարությամբ՝ հիմնավորելով իմ քայլը: Ենթադրում եմ, որ այն կլինի շաբաթվա վերջում կամ մյուս շաբաթվա սկզբում»:

Դաշինքի ցուցակում հաջորդիվ հերթը ՀՅԴ-ական ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆՆ է: Վստահաբար, նա մանդատը վերցնելու է, հատկապես, որ արդեն իսկ խորհրդարանի ներսում է՝ լինելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հասարակական հիմունքներով օգնականը: Մինչդեռ Մհեր Սահակյանին հաջորդող համարը մանդատ չի վերցնի: Խոսքը՝«Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ տնօրեն ՄԱՐԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասին է:

«Կուսակցության կողմից կա որոշում, որին անձամբ մասնակցություն եմ ունեցել։ Հետեւաբար մանդատ չեմ վերցնելու», – մեզ հետ զրույցում շեշտեց Մ. Պետրոսյանը:

Ի տարբերություն Մարիա Պետրոսյանի՝ ամենայն հավանականությամբ մանդատը կվերցնի դաշինքի ցուցակում ընդգրկված մյուս համարը՝ պահեստազորի գնդապետ, անկուսակցական ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ: Նրան ցուցակում հաջորդում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության իրավախորհրդատու ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ով եւս մանդատը չի վերցնի՝ անդավաճան մնալով իր քաղաքական ուժին:

Բախտը բերում է եւս մեկ ՀՅԴ-ականի՝ ԱՐՓԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ով Արագածոտնի մարզից է: Նա աշխատում է «Gijitain»-ում լիվե դրայդեր, համենայնդեպս, այսպես է նշված ԿԸՀ-ում:

Իսկ Արփինե Վարդանյանին հաջորդում է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղը 19 տարի ղեկավարած նախկին համայնքապետ, անկուսակցական ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Նա մանդատ կվերցնի, թե՝ ոչ, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ նրա խորհրդարան գալը կրկին վեր կհանի այն քրեական գործերը, որով անցնում էր ժամանակին եւ ինչի համար էլ ազատվեց համայնքապետի պաշտոնից:

Ամփոփելով՝ նոր մանդատավորների թեման՝ կարող ենք եզրահանգել, որ, ըստ էության, «Հայաստան» խմբակցությունը համալրվելու է երկու ՀՅԴ-ական եւ երկու անկուսակցական պատգամավորներով, որովհետեւ եթե անգամ Զոլաքարի նախկին համայնքապետ Արման Ղազարյանը մանդատը չվերցնի, նրան հաջորդում է եւս անկուսակցական ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ

Նյութի աղբյուր

 

What’s your Reaction?
+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0

+1
0