
Երեխայի ծնունդը նոր իմաստ է տվել իրենց կյանքին
- Հասարակություն
- 23․08․2022
Այսօր, օգոստոսի 20֊ը Լեռնակերտի անմահ հերոս Պապ Այվազյանի ծննդյան օրն է, ինչպես նաև նրա կրտսեր անվանակից եղբոր 40֊օրականն է լրանում։ ՊԱՊ ԳԱՐԻԿԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ ծնվել է 2001 թվականի հենց այս օրը օգոստոսի 20-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։ Սովորել և ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը։ 2016թ. սովորել է Գյումրիի Իմպրոռիթմ արվեստի ակադեմիան, ժողովրդական երգի բաժինը։ 2019֊ին Պապ Այվազյանը զորակոչվել է ծառայության, 6 ամիս ծառայել է Էջմիածնի զորամասում, ապա տեղափոխել են Ջրական, 2 ամիս անց էլ կամավորագրվել է, որպես Դրմբոնի հատուկ ջոկատային ու մեկնել Դրմբոն։ Պատերազմի առաջին օրը, սեպտեմբերի 27֊ին, Պապ Այվազյանը տագնապով շարժվել է դեպի Թալիշ ֊Մատաղիս հատվածը։ Հենց այդտեղ էլ, ըստ ականատեսների անմահացել է, վիրավոր հրամանատարին օգնելու ժամանակ, /նա գլխից մահացու ծանր հրազենային վիրավորում է ստացել /, սակայն մինչ օրս անհետ կորած է համարվում։ Ավտովթարի պատճառով արդեն 20 տարի անվասայլակին գամված անմահ հերոսի հայրը Արցախ է գնացել, հերոս որդու մարտնչած տեղերում եղել։ Գտել է մի գանգոսկր ու մի կտոր ոսկոր, որոնք վնասել էին գազանները, սակայն ԴՆԹ նույնականացման արդյունքում պարզել են, որ ոսկորները Պապինը չեն։ «Ավտովթարի ենթարկվեցի, դրանից երկու օր անց ծնվեց Պապը։
Ինձ երբեք կանգնած չի տեսել»մեզ հետ զրույցում նշեց հերոսի հայրը Գարիկ Այվազյանը։ Հայրը վերջին անգամ զավակի հետ խոսել է սեպտեմբերի 26֊ին։ Հաջորդ օրը Պապը խոսել է հորեղբոր և հորաքրոջ որդիների հետ, տեղեկացրել, որ ինքը գտնվում է Թալիշ ֊Մատաղիս հատվածում։ Հերոսի հայրը հիշում է, որ որդին դեռ 2020֊ի ամռան ամիսներին իր հետ զրույցների ժամանակ միշտ ասել է, որ պատերազմ է սկսվելու։ Ասում էր, որ ուժեղ կռիվ է լինելու։ Ես բարկանում էի, ասելով մի՞թե կռիվը լավ բան է, որ անընդհատ այդ մասին ես խոսում։
Պատասխանում էր, դիմացի ադրբեջանական դիրքերն օրական 6֊7 բետոնախառնիչ է մտնում, իսկ մենք չենք խանգարում ինժեներական աշխատանքների իրականացմանը։ Իսկ մենք ամրություններ չենք ունեցել, ծնկների չափով խրամատներ էին։ Ցավս այն է, որ բացարձակ անտարբեր են։ Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմում զոհվել է նաև Պապի դասընկերը Բարսեղ Պողոսյանը։
Ընկերները պատմում են, որ մի անգամ Պապը ավտոբուսի մեջ նստած զրուցելիս է լինում ու այդ պահին մի Զինվոր է բարձրանում ավտոբուս, սակայն ազատ տեղ չի լինում նստելու, կանգնած է մնում։ Նեղվելով միանգամից նստած տեղից վեր է բարձրանում Պապը, տեղը զիջելով Զինվորին ։Սակայն Զինվորը մերժում է։ Պապ Այվազյանն էլ նեղվելով ասում է, որ պետք է իրենց տեղը զիջեն, հարգեն ու մեծարեն մեր Զինվոր եղբայրներին, քանի որ նա մեր հայրենիքն է պաշտպանում ու դա գիտակցելով ոչ մեկ իր տեղը չի զիջում, որպես շնորհակալություն ։ Այսօր, Պապ Այվազյանի եղբոր կրտսեր Պապ Այվազյանի 40֊օրականն է լրանում նաև։ Ծնողները ի պատիվ ավագ եղբոր, նորածնին անվանակոչել են Պապ։
Մայրը 38֊ամյա տիկին Նարինեն, դժվարությամբ է խոսքեր գտնում, զգացմունքները արտահայտելու համար, ասում է միայն, որ երեխայի ծնունդը նոր իմաստ է տվել իրենց կյանքին։ «Քսանմեկ տարի անց շատ տարօրինակ զգացողություն ունեմ, կարծես Պապիս եմ գրկել։
Պապը մեր տան միակ երեխան է եղել։ Պապիցս հետո պապա, մամա, ասող չկար, որոշեցինք, պետք է երեխա ունենանք, որ լույսը կրկին մեր տուն գա»,֊ նշեց նա։ Տիկին Նարինեն նորածին Պապին շատ է նմանեցնում ավագ եղբորը։ Ասում է, որ Պապը ուրիշ տեսակ էր։ Պապս յուրահատուկ տեսակ էր, առաջնորդ էր իմ Պապը։ Որդիս շատ հայրենասեր էր, ուրախ կլինեմ, որ նորածին Պապը նման լինի իր եղբորը, ասաց տիկին Նարինեն։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ