
Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը
- Կրթություն
- 20․12․2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նախարարության աջակցությամբ իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Մրցույթին ներկայացվել են 2022 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող լրագրողական նյութեր՝ «Հեռուստա/ռադիո արտադրանք» և «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգերում:
Մասնագիտական ժյուրիի որոշմամբ ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթում «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում 1-ին մրցանակին արժանացել է լրագրող Արաքս Մամուլյանը:
Այս անվանակարգում 2-րդ կարգի մրցանակը շնորհվել է երկու լրագրողի՝ Սաթենիկ Հայրապետյանին և Տաթևիկ Աբրահամյանին: «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում երրորդ կարգի մրցանակ չի շնորհվել:
«Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում երրորդ կարգի մրցանակը շնորհվել է լրագրող Արմինե Ավետիսյանին. երկրորդ կարգի մրցանակի արժանացել է լրագրող Սոնա Մարտիրոսյանը: Այս անվանակարգում 1-ին մրցանակ չի շնորհվել:
Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստինա Հովհաննիսյանը, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» լրագրողների հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանը, «Media.am» կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը, «Հետք» առցանց պարբերականի փոխխմբագիր Լիանա Սայադյանը, թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը, «Ամքոր» հասարակական-բարեգործական կազմակերպության ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով մրցանակաբաշխության հաղթողներին և ներկաներին, հորդորել է, որ նրանք թրաֆիքինգի, ինչպես նաև սոցիալական այլ չարիքների մասին գրելիս իրենց դիտարկեն ոչ միայն որպես թեմայի լուսաբանող, այլև սոցիալական գործընկեր: Այս երևույթների դեմ, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, պետք է պայքարեն հանրության բոլոր շերտերը:
Նա նաև նշել է, որ ԿԳՄՍՆ-ն իրականացնում մի շարք միջոցառումներ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և դրա դեմ պայքարի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և երիտասարդության շրջանում զգոնությունն արթնացնելու ուղղությամբ:
Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, առանձնացրել է antitrafficking.am կայքի գործարկումը, երիտասարդների շրջանում թրաֆիքինգի դրսևորումների և դրանք ճանաչելու ու կանխարգելելու վերաբերյալ դասընթացների իրականացումը, ինչպես նաև «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցույթը:
Հաղթող հայտերը պարգևատրվել են դրամական խրախուսմամբ՝
- 1-ին տեղի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
- 2-րդ տեղի համար՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
- 3-րդ տեղի համար՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):
Հաղթող լրագրողներն իրենց շնորհակալական խոսքում հույս են հայտնել, որ մեր երկրում թրաֆիքինգի դեպքերը տարեցտարի կնվազեն, ևապագայում նմանօրինակ մրցույթներ անցկացնելու առիթներ այլևս չեն լինի:
Նշենք նաև, որ մրցույթին կարող էին մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։ Մրցույթի մասնակիցները կարող էին առաջադրվել նաև ինքնաառաջադրմամբ: Սահմանված էին մրցանակային տեղեր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար