
Ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում. Արտակ Գալստյանը ստացվում է հանդիպել է՞ ՔԿ ղեկավարի հետ
- Իրավական
- 27․04․2023
Օրերս, տարբեր լրատվականներ անդրադարձել էին «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի Նուբարաշեն ՔԿՀ-ից հնչեցրած ահազանգին է,թե ինչ հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների է ենթարկվել Ա. Գալստյանը ձերբակալման պահից սկսած մինչ օրս։ Կուսակցության ղեկավարը, իր ահազանգ-նամակում մանրամասնել էր, թե ինչպես է Երեւան քաղաքի քննչականի վարչության պետը իր սենյակում հարվածներ հասցրել,սպառնացել,հայհոյել մոտ մեկ ժամ պահել, ապա նաեւ զրկել պետքարան գնալու եւ ջուր խմելու հնարավորությունից։ Վերը նշված խոշտանգումներից հետո, ինչպես պատմում է կուսակցության ղեկավարը, նրան նույն անմարդկային վերաբերմունքը դրսեւորելով ուղեկցել են անձամբ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մոտ, ով հրամայել է նախ հանել ձեռնաշղթաները,ապա բառացի մեջբերում ենք (Արտակ Գալստյանի խոսքը) ՔԿ ղեկավարը հոխորտացել է, թե.«Ես այնպես հասկացա,որ դու լուրջ չես ընդունել վարչության պետի ասածը, որ Վարդան Ղուկասյանի ամեն իմ հասցեին կատարված եթերի պատասխանը տալու ես դու։ Կարծում եմ, որ հասկանում ես, որ քեզ ոչ ոք չի օգնելու, ով էլ փորձի օգնել՝ նրան աշխատանից կհեռացնեմ։ Ես վարչապետից ունեմ լայն լիազորութրուն՝ էս հարցով ընդհուպ մինչեւ սպանություն. ընդ որում քանակի սահմանափակում չունեմ»,-Գալստյանի փոխանցմամբ ասել է Քյարամյանը։
Եղե՞լ է իրականում հանդիպում Արտակ Գալստյանի եւ ՔԿ ղեկավարի միջեւ թե ոչ, հարցի պատասխանը «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ ՔԿ ղեկավարի մամուլի պատասխանատու ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
-Ընդհանրապես այդ գործի վերաբերյալ մենք որեւէ մեկնաբանություն բանավոր չենք տալու, ինչ ասելիք ունենք հրապարակում ենք հաղորդագրությունների միջոցով: Խոշտանգումների հետ կապված հաղորդում ստացվել է, քննություն կիրականացվի, կպարզվի, այլ բան չունենք այս պահին ասելու:
-Իսկ պարոն Քյարամյանի հետ հանդիպման վերաբերյալ…
-Իմ պատասխանը դա է, որ մենք այդ գործով որեւէ բանավոր մեկնաբանություն չենք տալիս:
-Այսինքն ո՛չ հաստատում եք, ո՛չ հերքում, ճի՞շտ հասկացա:
-Ես ասացի այն ինչ ասացի, որ այս գործով ընդհանրապես բանավոր որեւէ անդրադարձ չենք կատարում, դրա հետ կապված մեր տեղեկատվությունը արտացոլվում է մեր հաղորդագրություններում:
-Պարոն Աբրահամյան, իսկ, եթե գրավոր դիմենք այդ հարցին կպատասխանե՞ք:
-Դիմեք, մենք պատասխանը կտանք, հիմա ես չեմ կարող ինչ պատասխան կլինի բովանդակային առումով, բայց կպատասխանենք, եթե հարցում լինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ