
Արցախում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
- Արցախ
- 06․11․2022
Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում նոյեմբերի 5-ին ականի պայթյունից մեկ քաղաքացիական բնակիչ է վիրավորվել, փոխանցում է Արցախի ոստիկանությունը:
«Ժամը 16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ոտնաթաթի ականապայթյունային անդամահատում, ձախ ձեռքի 2-րդ մատի բաց կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 32-ամյա բնակիչ Ս.Ազարյանը (նա աշխատւմ է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում)։
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ս. Ազարյանն աշխատանքի բերումով գտնվելով Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքի «Ղումատեղ» կոչվող տեղանքում, արոտավայրում պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն», նշվում է հաղորդագրության մեջ: